CSC logo

«ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ (ՍԱԿ) » ՀԿ

«Սպառողների աջակցման կենտրոն», կրճատ՝ «ՍԱԿ» ՀԿ (Consumers Support Center, CSC NGO), շահույթ ստանալու նպատակ չհետապնդող (ոչ առևտրային) հասարակական միավորման տեսակ է, որում իրենց շահերի ընդհանրության հիման վրա օրենքով սահմանված կարգով, միավորվել են ֆիզիկական անձինք՝ իրենց և այլոց իրավունքներն ու շահերը պաշտպանելու, հանրօգուտ այլ գործունեություն իրականացնելու նպատակով:

Կենտրոնը հիմնադրվել է 15.10.2010թ. և գրանցվել է ՀՀ իրավաբանական պետական ռեգիստրի կողմից 01.11.2010թ., գործում է ՀՀ ամբողջ տարածքում:

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Նպաստել Հայաստանում ժողովրդավարության, քաղաքացիական հասարակարգի և ազատ շուկայական տնտեսության ձևավորմանն ու զարգացմանը: Աջակցել երկրի և հանրության առջև ծառացած տնտեսական, բնապահպանական և սոցիալական խնդիրների լուծմանը, խնդիրների վերաբերյալ քաղաքացիների իրազեկմանը, նրանց հանրային ակտիվության և քաղաքացիական գիտակցության բարձրացմանը, օրինական շահերի ու իրավունքների պաշտպանությանը:

Գործունեության սկզբունքները՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1985թ. ընդունած «Սպառողների շահերի պաշտպանության ղեկավար սկզբունքները»:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Կազմակերպության գործունեության նպատակներն են՝

• Միավորել ՀՀ և օտարեկրյա քաղաքացիներին իրագործելու մարդասիրական բազմաբնույթ ծրագրեր, պաշտպանել սպառողների իրավունքներն ու օրինական շահերը, իրականացնել ծրագրեր՝ ուղղված բնության և շրջակա միջավայրի պահպանությանը:

• Տարածել սպառողական շուկայի մասին գիտելիքներ, նպաստել քաղաքացիական քաղաքակիրթ հասարակությանը վայել շուկայի կայացմանն ու զարգացմանը:

• Իրականացնել իրավական, տնտեսական, բնապահպանական, կրթական, սոցիալական և այլ հասարակական նշանակություն ունեցող ծրագրեր ու միջոցառումներ:

• Համագործակցել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական, հասարակական կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հետ: Աջակցել նրանց կողմից իրականացվող ազգանպաստ ու հասարակական կապերը զարգացնող ծրագրերին:

• Կազմակերպել որակի ցուցահանդեսներ, մրցույթներ, քննարկումներ և դասընթացներ:

• Նպաստել հանրության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը սպառողական, տնտեսական, բնապահպանական և սոցիալական ոլորտների վերաբերյալ:

Կազմակերպության խնդիրներն են՝

 Տրամադրել սպառողներին իրավական և այլ խորհրդատվական օգնություն, ապրանքների և ծառայությունների որակի մասին անկողմնակալ տեղեկատվություն:

 Իրականացնել հասարակական կարծիքի ուսումնասիրություններ և սոցիոլոգիական հետազոտություններ, ուսումնասիրել սպառողական շուկայի զարգացումները, պատրաստել համապատասխան վերլուծական փաստաթղթեր:

 Կազմակերպել ապրանքների և ծառայությունների որակի անկախ փորձաքննություններ:

 Մասնակցել սպառողների իրավունքների պաշտպանության, շրջակա միջավայրի պահպանությանը ուղղված օրենքների և այլ իրավական ակտերի քննարկմանն ու մշակմանը:

 Կազմակերպել սննդամթերքների որակի փորձաքննություն և մոնիտորինգ:

 Օրենքով սահմանված կարգով օգտագործել ԶԼՄ-ները սպառողական, բնապահպանական կուլտուրայի քարոզչության, սննդամթերքի, ապրանքների և ծառայությունների որակի մասին և այլ գիտելիքների տարածման համար:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՆ ՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԸ

Կազմակերպության կառավարման մարմիններն են՝ նախագահը և խորհուրդը: Կազմակերպության անդամ կարող է դառնալ տասնութ տարին լրացած ՀՀ կամ օտարերկրյա յուրաքանչյուր քաղաքացի, որն ընդունում է Կազմակերպության կանոնադրությունը, նպատակներն ու խնդիրները, ցանկանում է մասնակցել նրա գործունեությանը: Անդամների ընդունումը և նրա կազմից հեռացումը իրականացվում է խորհրդի կողմից սահմանված կարգով: Կազմակերպությանը անդամագրվելու և անդամությունից դուրս գալը կատարվում է կամավոր հիմունքներով՝ գրավոր դիմումի համաձայն:

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

• Օրենսդրական գործունեություն

• Աշխատանք սպառողների հետ

• Սննդամթերքի անվտանգության և որակի մոնիտորինգ

• Համագործակցություն տեղական և միջազգային կազմակերպությունների հետ